Սողանքներ

Սողանքներ, ծանրության ուժի ազդեցությամբ լեռնալանջերով կամ թեք տեղանքով ապարների զանգվածային սահաշարժեր, որոնք, լվացման հետևանքով, ապարների հավասարակշռության խախտման արդյունք են։ Սողանքային շարժընթացներն ուղղակիորեն կախված են տեղանքի կառուցվածքից, ապարների շերտերի տեղաբաշխումից, ստորերկրյա ջրերի ակտիվությունից, անտառածածկույթի կամ խոտածածկույթի խտությունից, գերխոնավացումից, ստորերկրյա ցնցումներից, մարդու անզգույշ տնտեսական գործունեության, երկրաբանական և երկրաձևաբանական պայմանների առանձնահատկությունների անտեսումից, որոնք հանգեցնում են ապարների ամրության նվազմանը և սողանքի առաջացմանը։

Landslide animation San Matteo County
Սան Մատեոյի սողանքի համակարգչային սիմուլյացիան, Կալիֆոռնիա, ԱՄՆ, 1997 թ հունվար

Խոշոր սողանքներ

Հայաստանի տարածքը բնորոշվում է ուժեղ զարգացած սողանքային շարժընթացներով։ Հայաստանի տարածքում գոյություն ունեն 2000-ից ավելի խոշոր սողանքներ (մոտ 500 կմ² տարածք), որոնցից շատերը գտնվում են բնակավայրերի (Դիլիջան, Իջևան, Կապան, Վանաձոր և այլն) սահմաններում, միջին բարձրության լեռնային գոտում՝ Ախուրյանի հովտում (Գյումրուց հյուսիս-արևմուտք), Դեբեդի, Աղստևի, Վեդիի, Գետիկի, Որոտանի ավազաններում, Նուբարաշենի, Ջերմուկի սարավանդներում և այլն։ Սողանքային վտանգը սպառնում է նաև տրանսպորտային (շուրջ 8 000 կմ ընդհանուր երկարության ուղիներից ավելի քան 1500 կմ-ը սողանքային ազդեցության գոտում է) և էներգետիկ մայրուղիներին, արոտավայրերին և մշակովի հողերին, պատմամշակութային հուշահամալիրներին (Մակարավանք, Գոշավանք, Ջուխտակվանք և այլն)։ Սողանքները շատ հաճախ ավերիչ են․ օրինակ՝ Մարմաշեն (Շիրակի մարզ), Մարտիրոս (Վայոց ձորի մարզ) գյուղերն ավերվել, բնակիչները տեղափոխվել են։ Նույն պատկերն է Դիլիջանում։ Սողանքային փլվածքները տարածված են հանրապետության շուրջ 125 բնակավայրում։

Քանի որ մակերևութային և ստորերկրյա ջրհոսքերն ակտիվացնում են սողանքները, սողանքավտանգ տարածքներում չի թույլատրվում ջրագծեր (ջրմուղկոյուղու), առավել ևս բաց ջրանցքներ կառուցել։ Ջրագծերից ու ջրանցքներից ներծծվող անխուսափելի կորուստների հետևանքով սողանքներն ակտիվացել են Գառնի-Հացավան-Ողջաբերդ, Արզնի-Գետամեջ-Պտղնի և այլ տեղամասերում։

Սողանքային բլոկներ

Kihotown Sehara Miepref No,3
Ճապոնիայի Կիհո գյուղի մոտ գտնվող լեռներից մեկի սողանքը

Հայաստանում առկա են նաև բլոկային տեղաշարժեր (սողանքային բլոկներ), որոնք հիմնական զանգվածից պոկված, բայց իրենց միաձուլությունն ու ներքին կառուցվածքը պահպանած մայր ապարների խոշոր հատվածներ են (Իջևանի լեռնաշղթայում, Որոտանի կիրճում և այլն)։ Կան նաև քայքայված նյութի նվազագույն տեղաշարժով փլվածքային գոյացություններ՝ փլվածքային սողանքներ, և բավականին յուրահատուկ ձև ունեցող հոսքային սողանքներ, որոնք բնորոշվում են մածուցիկ և պլաստիկ հոսքերով, ամբողջապես քայքայված ներքին կառուցվածքով և սողանքային զանգվածների տեղաշարժման առավելագույն չափերով (Մարտիրոս, Արևիս, Հովք և այլ գյուղեր)։

Սողանքային շարժընթացներ

Հայաստանի տարածքի սողանքային տեղաշարժերի տեսակները շատ հաճախ տարանցման ընթացքում փոխակերպվում են փլվածք-սահք-հոսք սխեմայով (օրինակ՝ Ջերմուկի սողանքային խումբը)։ Նշված շարժընթացները վտանգավոր ու քայքայիչ են արոտավայրերի և վարելահողերի համար։

Ժամանակակից և անցյալի ակտիվությամբ սողանքային շարժընթացների մեծամասնությունը կապված է ակտիվ խզումնային գոտիների հետ, որոնց միջոցով տեղի են ունենում դանդաղ և երկրաշարժածին տեղաշարժեր։

Երկրաշարժածին սողանքներին բնորոշ է որոշակի գոտիականություն՝ պայմանավորված խզումնային գոտիների սեյսմիկ ռեժիմի տարբերություններով, լանջերի առավելագույն ձևախախտումներով և դրանց կայունության խախտմամբ։ Ողջաբերդի (Կոտայքի մարզ), Վեդիի (Արարատի մարզ) սողանքային խմբերը գենետիկորեն կապված են Գառնիի խզումնային երկրաշարժային ակտիվության հետ և ունեն շատ բարձր ակտիվություն, մշտապես վնասում են Երևան-Գառնի ավտոճանապարհը և հարակից գյուղերը։

Սողանքների դեմ պայքարելու համար կառուցվում են գետափերն ամրացնող ու ցամաքուրդային կառույցներ, կատարվում ծառատնկումներ և այլ միջոցառումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
CC-BY-SA-icon-80x15

հբ

Աղտոտում

Աղտոտում, բնական միջավայրի, մարդկանց, բուսական և կենդանական աշխարհի վրա աղտոտիչների վնասակար ազդեցությունը։ Տարբեր ու բազմազան են աղտոտման տեսակները, քիմիական միացությունների և խառնուրդների արտանետումները մթնոլորտ, արտադրական և կոմունալ-կենցաղային թափոնների թափանցումը ջրային միջավայր, լանդշաֆտների (դաշտեր, մարգագետիններ, անտառներ) աղտոտումը, իոնացնող ճառագայթման, արտադրական և կենցաղային աղմուկի մակարդակի բարձրացումը և ջերմության կուտակումը մթնոլորտում։

Ամուլսար

Ամուլսար, Գըսգրտաղ, Կըսգրտաղ, Կսըր, Կսըրդաղ, Ղըսըրդաղ, Ղսըր, Քըսըրտաղ, Քսիր, լեռնագագաթ Հայաստանի Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում, Սարավան գյուղից 5,5 կմ արևելք։ Բարձրությունը 2987 մ է։ Կազմված է օլիգոցեն-միոցենի հրաբխային ապարերից։ Լանջերին կան սողանքներ։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։

Լեռն ընդգրկված է համանուն ոսկու հանքավայրի տարածքում, որը ցանկանում է շահագործել Լիդիան Արմենիա ընկերությունը։

Արցախի Հանրապետություն

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արցախ (այլ կիրառումներ)Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն,կամ Արցախ չճանաչված պետություն Հարավային Կովկասում։ Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ որևէ երկրի կողմից պաշտոնապես ճանաչված չէ։ Արցախի Հանրապետությունն ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի, ինչպես նաև չճանաչված Մերձդնեստրյան Հանրապետության կողմից։ Ռազմաքաղաքական և տնտեսական առումով գրեթե միաձուլված է Հայաստանին: Վերջինը ապահովում է Արցախի անվտանգությունը:

Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է:

Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։ Ներկայումս Հանրապետության վերահսկողության տակ է գտնվում նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, Շահումյանի շրջանը և հարակից տարածքները։ Արցախն արևմուտքում սահմանակցում է Հայաստանին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, իսկ ամբողջ արևելքում՝ Ադրբեջանական Հանրապետությանը։ Արցախի աշխարհագրական դիրքը լեռնային է։ Ամենաբարձր կետը Գոմշասարն է՝ 3724 մետր բարձրությամբ։

Պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է մ.թ.ա. 8-րդ դարում` Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում: Պատմական Հայաստանի այս երկրամասում է Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծը կառուցել Տիգրանակերտ քաղաքը։ Ուշհինաշխարհյան և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններում Արցախը եղել է հայկական թագավորությունների կազմի մեջ, որպես վերջիններիս անբաժան մաս: 5-րդ դարում Արշակունյաց թագավորության անկումից հետո Արցախում որոշակի ընդմիջումներով պահպանվել են հայկական պետականության բեկորները։ Այս շրջանից ի վեր տեղաբնակները մասնակցել են պարսկական լծի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։

1805 թվականին Արցախը միացվեց Ռուսական կայսրությանը, իսկ Ղարաբաղի խանությունը, որպես այդպիսին, դուրս մղվեց պատմության ասպարեզից։ 1917 թվականին Լեռնային Ղարաբաղն անցավ Հայոց ազգային խորհրդին և կարճ ժամանակ անց միավորվեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետության կազմի մեջ։ Նորաստեղծ Ադրբեջանն այս տարածքների նկատմամբ հավակնություններ ուներ հենց այս ժամանակներից ի վեր, ինչի պատճառով 1918-1920 թվականներին Ղարաբաղում ընթանում են զինված բախումներ։ 1920 թվականին տարածքը խորհրդայնացվում է, իսկ 1923 թվականին միավորվում Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ մտնող ԼՂԻՄ-ի մեջ։ 1988 թվականի փետրվարին ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը դիմումով ներկայացավ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ի Հայաստանի կազմում ընդգրկվելու հարցը լուծելու համար: Ադրբեջանական ԽՍՀ-ի հերագույն խորհուրդը մերժեց արցախցիներին և սկսվեց Արցախյան շարժումը, որը վերաճեց ազգային պայքարի: Դրան հաջորդած Արցախյան պատերազմում հայերը տարան վճռական հաղթանակ՝ ազատագրելով ոչ միայն ԼՂԻՄ-ի նախկին տարածքը, այլև Շահումյանի շրջանը և հարակից տարածքները: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվում է Արցախի անկախության հռչակագիրը։

Արցախը նախագահական հանրապետություն է։ Օրենսդիր մարմինն ազգային ժողովն է։ Արցախը պատմական Հայաստանի մշակութային գլխավոր կենտրոններից է, որտեղ դեռևս հնագույն ժամանակներից զբաղվել են գորգագործությամբ, բրուտագործությամբ, մետաղագործությամբ և գինեգործությամբ։ Արցախում բուծել են զտարյուն ղարաբաղյան ձիեր, որոնք համալրել են հայոց այրուձին, իսկ հետագայում՝ ռուսական հեծելազորը։

Բինգհեմ Կիրճի Հանք

Բինգհեմ Կիրճի Հանքը (անգլ.՝ Bingham Canyon Mine), տեղի բնակիչների միջև առավել հայտնի Քեննեքոթթ Պղնձի Հանք (անգլ.՝ Kennecott Copper Mine) անվամբ, Սոլթ Լեյք Սիթի-ից (ԱՄՆ, Յուտա նահանգ) հարավարևմուտք ընկած պորֆիրինային պղնձի բաց հանքային արդունաբերություն է։

Աշխարհում խոշորագույն մարդածին բաց հանքահորն է, որից ենթադրաբար կորզվել է ավել պղինձ քան երբևիցե որևէ այլ հանքից՝ ավելի քան 19 միլիոն տոննա, և որն անզեն աչքով տեսանելի է տիեզերքից։ Հանքից արդյունահանվել է նաև մեծ քանակությամբ ոսկի, արծաթ և մոլիբդեն։

Հանքը պատկանում է բրիտանա-ավստրալական Ռիո Տինտո Գրուպ (անգլ.՝ Rio Tinto Group) կորպորացիային։ Պղնձի արդյունահանումը իրականացնում է Քեննեքոթթ Յութա Քոփփեր (անգլ.՝ Kennecott Utah Copper) կորպորացիան։

Հանքը շահագործման մեջ է 1906 թ.-ից, որի արդյունքում առաջացել է 1,2 կմ խորությամբ, 4 կմ երկարությամբ և 7,7 կմ² մակերեսով բաց հանքահոր։

1966 թ.-ին այ ճանաչվել է որպես ԱՄՆ ազգային պատմական վայր։ 2013 թ․-ի ապրիլին հանքում տեղի է ունեցել ԱՄՆ պատմության խոշորագույն ոչ հրաբխային սողանքներից մեկը, որին սեպտեմբերին հաջորդել է ևս մեկ, ավելի փոքր սողանք։

Գարիբալդիի լեյք

Գարիբալդի լեյք, հրաբխային դաշտ, որը գտնվում է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում։

Գոգի

Գոգի, Գյյոգի, Գյոքի, Գյուքի, Գոգ, Գոգին, Գուքի, Կյուքիդաղ, Կուքի, Սանդյար, Քյոքի, Քյոքի-դաղ, Քյուկի, Քյուքի, լեռնագագաթ Հայաստանի Վայոց ձորի մարզի և Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի սահմանագլխին, Վայքի լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթը (3120 մ)։ Կազմված է նեոգենի հրաբխածին ապարներից։ Կան սողանքներ, սողանքային լիճ, վյուրմի սառցապատման հետքեր։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է։ Մարտիրոս գյուղից 6,5 կմ հարավ-արևելք։ Լանջերը պատած են ալպյան հարուստ բուսականությամբ ջրառատ է։։

Երկրաշարժ

Երկրաշարժ, ստորգետնյա ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։

Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնիայում՝ ձուկը, Հնդկաստանում՝ խլուրդը և այլն։ Ճապոնական առասպելի համաձայն, ճապոնական կղզիները տեղակայված են մեծ լոքո ձկան մեջքին, և ձկան շարժումներից Երկիրը ցնցվում է։ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիներն ասում էին, որ Երկիրն իր վրա կրում է հսկայական կրիան և ամեն անգամ ցնցվում է, երբ կրիան անցնում է մեկ ոտքից մյուսի վրա։ Երկրաշարժերը հաճախ դիտվել են որպես զայրացած Աստծո պատիժ՝ ի պատասխան մարդկանց մեղքերի։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նա համարում էր, որ Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի.

Բնական երկրաշարժեր

Տեխնածին երկրաշարժերԲնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանավորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կորստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։

Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։

Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։

Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.

Կանխատեսելի երկրաշարժեր

Անկանխատեսելի երկրաշարժերԸնդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։

Լալվարի լեռնազանգված

Լալվարի, լեռնազանգված Վիրահայոց լեռնաշղթայի արևելյան մասում՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում։ Բարձրությունը՝ 2544 մ է։

Կազմված է յուրայի ու նեոգենի հրաբխանստվածքային ապարներից։ Կան պղնձի և բազմամետաղային հանքավայրեր։ Կատարային մասը բութ է, հարավը, հարավարևելյան լանջերը՝ մասնատված, մերկ ու ժայռոտ, հյուսիսը՝ անտառածածկ։ Հարավարևմտյան լանջին կան սողանքներ։

Լալվարից սկիզբ են առնում Շուլավեր, Բոլնիս և այլ գետեր։

Հանքավանի տեկտոնական բեկվածք

Հանքավանի տեկտոնական բեկվածք, երկրակեղևի խզումնային բեկվածք, Հանքավան-Զանգեզուր տեկտոնական բեկվածքի հյուսիսարևմտյան շարունակությունը։ Ձգվում է Մարմարիկ գետի երկայնքով։

Մռավի լեռնաշղթա

Մռավի լեռնաշղթա, լեռնաշղթա Փոքր Կովկասի լեռնային համակարգում՝ Սևանի լեռնաշղթայի արևելյան շարունակությունը։ Երկարությունը մոտ 70 կմ է։ Առավելագույն բարձրությանը հասնում է Գոմշասար գագաթում (3724 մ)։ Վերջինիս անվանում են նաև Արիության լեռ։ Կազմված է հրաբխածին ապարներից, կտրտված է խոր կիրճերով ու գետահովիտներով։ Շղթան սկսվում է Մեծ Հինալ հանգուցային գագաթով (3367 մ), որում խաչի ձևով հանդիպում են իրար հետ չորս լեռնաշղթաներ՝ Մռավի, Սևանի, Կաֆլանկալայի, և Արևելյան Սևանի։ Շղթայի վրա կա մոտ քսան գագաթ, որոնց բարձրությունը անցնում է 3000 մետրից։ Ամենաուշագրավ լեռնագագաթներն են՝ Մեծ Հինալը (3367 մ), Սպիտակասարը (Ագդագ, 3200 մ), Քյոռողլուդագը (3462 մ), Օմարը (3395 մ) և շղթայի վերջին երեքհազարանոցը՝ Մռավը (3340 մ), որի անունով էլ կոչվում է լեռնաշղթան։ Կուրի միջին հոսանքի աջակողմյան վտակների և Թարթառի ջրբաժանն է։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է, լանջերին կան անտառներ, սողանքներ, փլվածքներ, սողանքային լճակներ։

Շիրակի սարահարթ

Շիրակի սարահարթ, Գյումրիի միջլեռնային գոգավորության հատակային մասը Հայաստանի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի միջին հոսանքի ավազանում։ Հյուսիսում Շիրակի, արևելքում Փամբակի ծալքաբեկորավոր լեռնաշղթաներն են, հարավ-արևելքում Շարայի լեռ (Կողգաթ) և Արագած հրաբխային զանգվածները։ Արևմուտքում աստիճանաբար ձուլվում է Կարսի հրաբխային սարահարթին։

Հայաստանի սահմաններում երկարությունը մոտ 30 կմ է, լայնությունը՝ 20 կմ։ Բարձրությունը 1400–1800 մ է։ Կազմված է լճագետային նստվածքներից։ Զգալի տարածություններ ծածկված են տուֆային լավաներով։ Մակերևույթը արևելքում հարթ է, Ախուրյանի ու նրա վտակների հովիտներում՝ կտրտված (բնորոշ են սեղանաձև մնացորդային բարձրությունները)։ Կլիման ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը —7 °C-ից մինչև —9 °C է (նվազագույնը՝ —35 °C), հուլիսինը՝ 18–20С (առավելագույնը՝ 35 °C), տարեկան տեղումները՝ 400–500 մմ (գլխավորապես գարնանը)։ Ձմռանը հաճախակի են ջերմաստիճանային ինվերսիաները, գոյանում է 30–40 սմ բարձրությամբ կայուն ձյունածածկույթ (90–120 օր)։ Շիրակի դաշտով հոսում է Ախուրյան գետը՝ Գյումրի, Քառանազու, Կարս, Կարախան վտակներով։ Շիրակի դաշտի սահմաններում Ախուրյանն ունի 4–5 դարավանդներով լայն հովիտ, Մարմաշենի մոտ կան սողանքներ։ Տափաստանային լանդշաֆտ է։ Տարածված են սևահողերը և մուգ շագանակագույն հողերը։ Մշակում են հացահատիկ, շաքարի ճակնդեղ, բանջարեղեն։ Զարգանում է պտղաբուծությունը (խնձոր, տանձ, սալոր, բալ)։ Շիրակի դաշտում են Շիրակի ջրանցքը, Ախուրյանի, Կառնուտի և այլ ջրամբարներ։ Շիրակի դաշտը հարուստ է շինանյութերով (տուֆ, բազալտ, պեմզա, կրաքար, կավեր)։ Շիրակի դաշտը հնուց փառաբանվել է որպես հացահատիկի շտեմարան։ Այդ է վկայում Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքում պահպանված առածը. «Դու Շարայի որկոր ունես, բայց մենք Շիրակի ամբարներ չունենք»։

Սեքվոյա

Սեքվոյա, Վիթխարածառ, ճահճանոճազգիների ընտանիքի մշտադալար ասեղնատերև ծառ է։ Հայտնի է 1 տեսակ՝ մշտադալար սեքվոյան։

Աճում է Կալիֆորնիայի և Հարավային Օրեգոնի լեռներում։ Առաջացնում է հսկայական անտառներ։ Եվրասիայում հայտնաբերված է բրածո վիճակում։ Հազվադեպ մշակվում է Սև ծովի մերձարևադարձային ափերին, ՀՀ-ում՝ Իջևանի դենդրարիումում։

Միատուն, հսկա ծառ է, բարձրությունը՝ մինչև 110 մ, բնի տրամագիծը՝ 8–10 մ։ Բունն ուղիղ է՝ ծածկված մինչև 70 սմ հաստության կեղևի շերտով, սաղարթը նեղ կոնաձև է։ Ասեղնատերևները գծանշտարաձև են՝ երկկողմանի սանրաձև դասավորված։ Բազմանում է սերմերով և կտրոններով։

Բնափայտն արժեքավոր է, օգտագործվում է նավաշինության, կամուրջների և ստորջրյա շինարարության մեջ։ Ինտենսիվ ծառահատումները սեքվոյայի անհետացման վտանգ են առաջացրել, և այն պաշտպանության տակ է վերցված։

Ապրում է մինչև 2 հզ. տարի։ Հյուսիսային Ամերիկայի «Սեքվոյա» ազգային պարկում ծառերը 2500–3000 տարեկան են։ Նրանք կարող էին ավելի երկար ապրել, եթե արմատները դիմանային ծառի բնի ծանրությանը (քաշը հասնում է մինչև 1000 տ և ավելի), կամ չլինեին անտառային հրդեհներ ու սողանքներ։

Վլադիմիր Բոյնագրյան

Վլադիմիր Ռուբենի Բոյնագրյան (հունվարի 14, 1938(1938-01-14)), աշխարհագրական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։

Տարերային աղետներ

Տարերային աղետներ, վտանգավոր երկրաֆիզիկական, երկրաբանական, ջրաբանական, մթնոլորտային երևույթների կամ շարժընթացների ծավալուն դրսևորումներ, որոնց հետևանքով ստեղծվում են աղետալի իրավիճակներ՝ մարդկային զոհեր, նյութական արժեքների կորուստ, շրջակա միջավայրի խախտում։

Տարերային աղետներ տեղի են ունենում Երկրի ընդերքում (երկրաշարժ, հրաբխի ժայթքում և այլն), մակերևույթին (սելավ, սողանք, ձնահոսք, ջրհեղեղ, հրդեհ և այլն) և մթնոլորտում (փոթորիկ, բուք, պտտահողմ, կայծակ և այլն)։ Տարերային աղետները կարող են ընթանալ բավականաչափ արագ (օրինակ՝ երկրաշարժ, հրաբխի ժայթքում, սողանք, ձնահոսք) կամ երկարաձգվել (օրինակ՝ երաշտ, ցրտահարություն, վարարում) և այլն։

Տարերային աղետների առանձին խումբ են կազմում գյուղատնտեսական ու անտառային վնասատուների ներխուժումը, համաճարակները և ջրաօդերևութաբանական տարերային երևույթները՝ ուժեղ քամին (25 մ/վ և ավելի), ուժեղ անձրևը (30 մմ և ավելի) և ուժեղ ձյունը (20 մմ և ավելի)՝ 12 ժ կամ ավելի կարճ ժամանակամիջոցում, խոշոր կարկուտը (20 մմ/զ ավելի չափի հատիկներով), ցրտահարությունը (վեգետացիայի ընթացքում 0°C-ից ցածր ջերմաստիճան) և այլն։

Բնակչության աճի, մարդու ոչ խելամիտ տնտեսական գործունեության, արտադրության մեջ ավելի մեծ բնական պաշարների ներգրավման և բարդ պայմաններով տարածքների յուրացման հետևանքով աճում է տարերային աղետների հասցրած վնասը։ Իր գործունեությամբ խախտելով շրջակա միջավայրի կայունությունը՝ մարդը մեծացնում է տարերային աղետների հավանականությունն ու չափերը։ Տարերային աղետներին բնորոշ են սկսվելու ժամանակային անորոշությունն ու հետևանքների ոչ միարժեքությունը, ուստի դրանք դժվար կանխատեսելի են։

Տարբեր աղետներ տարբեր ազդեցություններ են թողում բնական միջավայրի վրա։ Օրինակ՝ ջրհեղեղը վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառուցներն ու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։

Սելավների հետևանքով ավերվում են գյուղեր և ճանապարհներ, ծածկվում են դաշտեր։

Փոթորիկի հետևանքով մարդիկ են զոհվում, ստանում տարբեր ծանրության վնասվածքներ։ Փոթորիկը վնասում է ամուր և քանդում թեթև շինությունները, կտրում կապի ու էլեկտրահաղորդման լարերը, ամայացնում դաշտերը, կոտրում և արմատախիլ անում ծառերը։

Հայաստանի տարածքում տարերային աղետներից առավել բնորոշ են երկրաշարժերը, սելավները, կարկուտը և ցրտահարությունը։

Տեգուսիգալպա

Տեգուսիգալպա (իսպ.՝ Tegucigalpa), Հոնդուրասի մայրաքաղաք (1880 թվականից) և խոշորագույն քաղաք։ Բնակչությունը 2006 թվականի դրությամբ կազմում էր 1 682 725 բնակիչ (արվարձանների հետ միասին)։ Կենտրոնական Ամերիկայի երրորդ խոշոր քաղաքն է (Գվատեմալայից և Սան Սալվադորից հետո)։ Քաղաքը տեղակայված է երկրի կենտրոնական հատվածի լեռների շրջապատում՝ Չոլուտեկա գետի հովտում, ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա։ Տեգուսիգալպան նաև Ֆրանսիսկո Մորասան դեպարտամենտի մայրաքաղաքն է։

Ցրդուտի լեռնաշղթա

Ցրդուտի լեռնաշղթա, Գեղամա լեռնավահանի հարավարևմտյան ճյուղավորությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում։ Երկարությունը 10 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 2114 մ (Ցրդուտ լեռնագագաթ)։

Կազմված է կավճի նստվածքահրաբխածին, պլիոցենի ու անթրոպոգենի հրաբխային ապարներից։ Կատարային մասը ժայռոտ է, լանջերը՝ զառիթափ՝ կտրտված բազմաթիվ հովիտներով, տեղ-տեղ կան սողանքներ ու քարաթափվածքևեր։ Ջրբաժան է Վեդի գետի Ցրդուտ և Ապիտակջուր վտակների միջև։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.