Պտղոմեոսյան Եգիպտոս

Եգիպտոսի կազմավորումն ու վերելքը Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության բաժանման հետևանքով ձևավորված հելլենիստական պետություններից մեկը Եգիպտոսն էր։ Եգիպտոսը և նրա բնակչությունը հույներին ու մակեդոնացիներին անծանոթ չէին։ Դեռևս մ.թ․ա. V դարի կեսերին Հերոդոտոսը այցելել էր այս երկիրը։ Նրանից հետո մեծ թվով հույներ սկսեցին գալ Նեղոսի հովիտ՝ այստեղ առևտրով զբաղվելու համար[1]։ Չնայած այս ամենին՝ Եգիպտոսը օտարերկրացիների համար շարունակում էր մնալ որպես հեքիաթային երկիր և ընդհուպ մինչև Ալեքսանսդր Մակեդոնացու արշավանքները հույների տեսադաշտից դուրս էր գտնվում։ Ալեքսանդրի օրոք այստեղ տեղակայվեց մակեդոնական կայազոր, որի սպաներն ու զինվորները շուտով սկսեցին ընտելանալ տեղանքին, չնայած որ նրանց շրջապատող աշխարհը շատ տարօրինակ տպավորություն էր թողնում։ Մինչ այդ հույներն ու մակեդոնացիները գաղափար անգամ չունեին անապատի լայնատարած շրջանների մասին։ Նրանց աչքին նույնիսկ Նեղոսն էր հրաշքների հրաշք հանդիսանում։ Եգիպտոսի հին մայրաքաղաք Մեմֆիսից ոչ հեռու՝ անապատ գնացող ճանապարհի վրա վեր էին խոյանում վիթխարի բուրգերը, որոնք կառուցել էին Քեոփս, Քեփրեն և Միկերին փարավոնները։ Այդ ամենից զատ այստեղ կային տեղական աստվածությունների անհամար տաճարներ, որոնցից շատերը վեր էին ածվել իսկական տաճարային քաղաքների։ Դրա վառ օրինակն էր Վերին Եգիպտոսում գտնվող Թեբե քաղաքը։ Այդ տաճարներում կային մեծ թվով քրմեր, որոնք հիմնականում օժտված էին մեծ արտոնություններով։ Ալեքսանդրը նրանց անձեռնմխելի թողեց, քանի որ նրան հարկավոր էր ամենազոր եգիպտական քրմության հովանավորությունը։ Հույների ու մակեդոնացիների համար տարօրինակ էր նաև Նեղոսի հովտի բուսական և կենդանական աշխարհը։ Այն կենդանիները, որոնց վրա Հունաստանում ոչ մի ուշադրություն չէին դարձնում, այստեղ սուրբ էին համարվում, օրինակ՝ կատուները։ Ճիշտ նույն ձևով երկրի նոր տերերին օտար էին նաև նրա հին բնակիչները՝ եգիպտացիները։ Նրանք առաջացել էին սեմիտական և քամիտական տարրերի միախառնումից, սակայն երկար համատեղ ապրելուց հետո Նեղոսի հովտում եգիպտացիները ձևավորվեցին որպես յուրօրինակ և ամբողջական ազգ, որն իր արտաքին տեսքով և հոգևոր պատկերացումներով առանձնանում էր և՛ ասիական բեդվիններից, և՛ Լևանտի բնակիչներից։ Եգիպտական սահմաններից հարավ գտնվող նեգրոիդ ժողովուրդների հետ միայն աննշան կապ էր պահպանվում։

Նրանց լեզուն՝ եգիպտերենը, լուրջ խոչընդոտ էր ներկայացնում եգիպտացիներին օտարերկրացիների հետ շփման համար։ Ի վերջո, այս երկրում կային էլի հույներ՝ Նավկրատիս քաղաքի բնակիչները, որոնք մի քանի հարյուրամյակների ընթացքում արդեն սովորել էին գործ ունենալ եգիպտացիների հետ։ Հարկ կար նաև հաշվի նստել եգիպտական ամենազոր քրմության հետ, որը հողային մեծ տիրույթների էր տնօրինում։ Դեռևս պարսկական արքաները փորձել էին քրմությանը պետական կառավարմանը ենթարկել և Պտղոմեոսն էլ շարունակեց այդ գործը։

Նեղոսի հովտում բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ, հատկապես ցորենազգիների մշակությամբ։ Ցորենը և գարին կազմում էին երկրից արտահանվող ապրանքների հիմնական մասը։

  1. Бенгстон Г. Правители эпохи эллинизма. М., 1982, ст. 38
Ամենեմհեթ (XII դինաստիա)

Ամենեմհեթ, Հին Եգիպտոսում XII դինաստիայի (Միջին թագավորություն) եգիպտական փարավոնների անունը։

Աշխարհի յոթ հրաշալիքներ

Աշխարհի յոթ հրաշալիքներ (կամ Անտիկ աշխարհի յոթ հրաշալիքներ), վերաբերում է պատմական անցյալում ստեղծված ճարտարապետության և քանդակագործության հոյակապ, համաշխարհային նշանակության կոթողներին։ Ներկայումս յոթ հրաշալիքներից կանգուն է միայն Քեոփսի բուրգը։

Արտավազդ Բ

Արտավազդ Բ Արտաշեսյան, հայտնի է նաև որպես Արտավազդ Աստվածային (հին հուն․՝ Αρταβάσδης της Αρμενίας, ծննդյան թիվը՝ անհայտ — մ․թ․ա․ 31 թվական, Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս), Մեծ Հայքի թագավորության արքայից արքա Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 55-ից մինչև մ․թ․ա․ 34 թվականը։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Բ-ին, որն էլ ոչ հեռավոր անցյալում Մեծ Հայքը հասցրել էր իր հզորության գագաթնակետին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական տերությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։

Մ․թ․ա․ 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսի հետ, սակայն վերջինիս ոչ հեռահար քաղաքականության և սեփական երկրի արտաքին պաշտպանության հանգամանքներով պայմանավորված, Մեծ Հայքը հրաժարվում է տեղի տալ Կրասոսի հավակնություններին։ Արդյունքում Հայքի արտաքին քաղաքականությունը շրջադարձային կերպով թեքվում է դեպի Արևելք և ամրապնդվում հայ-պարթևական դաշինքով։ Սրան հաջորդում է երկու երկրների միացյալ ուժերի առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։ Մ․թ․ա․ 53 թվականին հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ, հիմնովին ջախջախում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։ Արտավազդ Բ-ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։

Մ.թ.ա. 37 թվականին՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ-ի դավադրական սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ-ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին։ Վերջիններս, սակայն, Փրաասպայի պարիսպների տակ ջախջախվում են թշնամու կողմից, իսկ Սենատում արդարանալու համար Անտոնիոսն արշավանքի ձախողման մեջ մեղադրում է հայոց արքային։ Վրեժխնդիր լինելու նպատակով Անտոնիոսը քանիցս փորձում է ապօրինաբար ձերբակալել Արտավազդին, ինչը, սակայն, նրան չի հաջողում։ Մ․թ․ա․ 34 թվականին Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայքի թագավորություն, իսկ Արտավազդը, սպասվելիք ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով, գնում է ինքնազոհողության։ Տեղափոխվելով Ալեքսանդրիա՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով Արտավազդն ու իր ընտանիքը գլխատվում են։

Հայկական սկզբնաղբյուրներն ու օտարալեզու գրվածքները հավաստում են, որ Արտավազդը ստացել է ժամանակաշրջանի լավագույն կրթությունը։ Նա անթաքույց կերպով հետաքրքրություն էր տածում հելլենիստական մշակույթի նկատմամբ՝ փայլուն տիրապետելով հունարենին։ Ըստ Պլուտարքոսի` հայոց արքան գիտեր նաև այլ օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», որոնք, սակայն, մեզ չեն հասել: Արտավազդը ժողովրդի կողմից աստվածացվել է նույնիսկ իր կենդանության օրոք՝ ստանալով «Աստվածային» պատվանունը։

Եգիպտացիներ

Եգիպտացիներ (եգիպտ. արաբ. مَصريين, արաբ. مِصريّون‎ Miṣriyyūn), Եգիպտոսի բնակչության պայմանական անվանումը, որը կազմված է սուննի մուսուլմաններից և եգիպտացի քրիստոնյաներից՝ ղպտիներից: Եգիպտացիներ բնակվում են նաև Իրաքում, Լիբիայում, Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և ԱՄՆ-ում։

Կլեոպատրա

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կլեոպատրա (այլ կիրառումներ)Կլեոպատրա VII Ֆիլոպատոր (հուն․՝ Κλεοπάτρα Φιλοπάτωρ, մ. թ. ա. 69, Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս - օգոստոսի 12, մ. թ. ա. 30, Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս), եգիպտական Պտղոմեոսների տոհմի ամենահայտնի և վերջին թագուհին էր։

Մարկոս Անտոնիոս

Մարկոս Անտոնիոս (հունվարի 14, մ. թ. ա. 82, Հռոմ, Հռոմեական Հանրապետություն - օգոստոսի 1, մ. թ. ա. 30, Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս), հռոմեական քաղաքական գործիչ, զորավար։ Մոր կողմից եղել է Հուլիոս Կեսարի ազգականը։ Պաղեստինում և Եգիպտոսում պատերազմի ժամանակ առաջ է քաշվել որպես հեծելազորի պետ։ Մ.թ.ա. 49-45 թվականների քաղաքական պատերազմում պաշտպանել է Հուլիոս Կեսարին։ Մ.թ.ա. 43 թվականին, հանրապետական զորքերի պարտությունից հետո, Օկտիվիանոսի և Մարկոս Լեպիդոսի հետ կազմել է 2-րդ եռապետությունը։ Հռոմի տիրույթները բաժանելիս ստացել է արևելյան պրովինցիաները։ Մ.թ.ա. 37 թվականին ամուսնացել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ, վարել ցոփ կյանք, եղել բռնակալ, մղել զավթողական պատերազմներ, ջանացել ստրկացնել Արևելքի երկրները։ Մ.թ.ա. 39 թվականին պարթևներից գրավել է Ասորիքը։ Մ.թ.ա. 36 թվականին Հայաստանի վրայով արշավանքի է դուրս եկել պարթևների դեմ և օգոստոսին, Ատրպատականի Պրաասպա քաղաքի մոտ ծանր պարտություն կրելով, վերադարձել է Եգիպտոս։ Մ.թ.ա 34 թվականին ներխուժել է Հայաստան, ուխտադրժորեն ձերբակալել Արտավազդ Բ-ին։ Հայոց թագավորը տարվել է Եգիպտոս և գլխատվել մ.թ.ա. 31 թվականին։ Անտոնիոսը կողոպտել է Երիզայում գտնվող Անահիտ աստվածահու մեհյանը՝ հափշտակելով նրա ոսկեձույլ արձանը։ Անտոնիոսը Կլեոպատրային և նրանից ունեցած զավակներին է նվիրել Արևելքի մի շարք երկրներ. վեցամյա Ալեքսանդր Հելիոսը հռչակվել է Հայաստանի և Պարթևաստանի թագավոր, որոնք դեռ պետք է նվաճվեին։ Անտոնիոսի քաղաքականությունը պառակտեց եռապետությունը և նրա դեմ հանեց Հռոմի հասարակական կարծիքը։ Սենատը պատերազմ հայտարարեց Կլեոպատրային։ Մ.թ.ա. 31 թվականին, Ակտիում հրվանդանի մոտ, Օկտավիանոսը պարտության մատնեց Եգիպտոսի և Անտոնիոսի միացյալ նավատորմը։ Օկտավիանոսի զորքերը, մտնելով Եգիպտոս, պաշարեցին Ալեքսանդրիան, ուր և Անտոնիոսը ինքնասպանություն գործեց։

Անտոնիոսի գեղարվեստական կերպարը մարմնավորված է Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա» դրամայում։

Այլ լեզուներով

This page is based on a Wikipedia article written by authors (here).
Text is available under the CC BY-SA 3.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.